Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օլիգարխներն այլևս տրենդում չեն

Օլիգարխներն այլևս տրենդում չեն
11.05.2018 | 10:14

Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ևս մեկ պարզաբանում, այս անգամ` անհրաժեշտ: Նրա մտահոգությունները տեղին են, առաջարկած ելքը, թեպետ բնավ օրիգինալ չէ, բայց միակն է: Իրոք, Հայաստանի անոմալ հեղափոխությունը ստեղծել է անոմալ իրավիճակ ԱԺ-ի ու ձևավորվելիք կառավարության փոխհարաբերություններում: Խորհրդարանական հանրապետությունում մեծամասնությունն է կազմում կառավարություն, մինչդեռ ՀՀԿ-ն իրեն հայտարարում է ընդդիմություն և չի պատրաստվում կառավարության մաս դառնալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն չի խանգարելու կառավարության աշխատանքին, հնարավորինս պետք է օժանդակի:

ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու, եթե Նիկոլ Փաշինյանը նախարարներից որևէ մեկին առաջարկի շարունակել պաշտոնավարումը, ՀՀԿ-ն «շատ փիլիսոփայորեն կմոտենա» խնդրին, նրանք ժամանակավորապես կկասեցնեն կուսակցական պատկանելիությունը, որևէ հեռացում, որևէ խոչընդոտ չի լինի: Փոխարենը` ՀՀԿ-ն այլևս պատասխանատվություն չի կրում կառավարության աշխատանքի համար, որ ինքնին հասկանալի է: Վահրամ Բաղդասարյանը չի պատասխանում հարցին` կո՞ղմ կքվեարկի ՀՀԿ-ն կառավարության ծրագրին, թե՞ ոչ:


Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է, որ խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն են մեկ այլ կուսակցության պատգամավորները: Դա դժվարացնում է պետական մեքենայի անխափան գործունեությունը` հաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ: ՀՀԿ-ն հանգիստ կարող է ձախողել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները և առանձնապես չի էլ թաքցնում մտադրությունը: Առաջին նախագահը գտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել: Այդ ռեսուրսն արդեն սպառված է` միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, դա կդիտվի իշխանության մի թևի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում: Լևոն Տեր-Պետրոսյանը վտանգավոր իրավիճակից դուրս գալու միակ միջոցը համարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները` Ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո: Խնդիրը հենց դա է` ինչու՞ պիտի ՀՀԿ-ն կողմ քվեարկի ԸՕ-ի փոփոխություններին, եթե նոր ընտրություններով կարող է Աժ-ում չհայտնվել: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ստեղծված օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք և ողջախոհություն կդրսևորեն բանակցությունների, երկխոսության և փոխպայմանավորվածության միջոցով ելք գտնելու մեր պետականությանն սպառնացող այս բարդ իրավիճակից»:

Հարկավ` նկատի ունենալով նաև իրեն: Ինչու՞ ոչ: Բայց չի կարող պայմանավորվածություն լինել: Իրականում ոչ մի պայմանավորվածություն չի աշխատի և Լևոն Տեր-Պետրոսյանն էլ դա գիտի, և Նիկոլ Փաշինյանն է դա գիտի, Սերժ Սարգսյանն էլ համոզված է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խնդիրը ժամանակն է` որքա՞ն է տևելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին օրենսդրորեն ու գործնականում նախապատրաստվելը: Այդ ընթացքում ինքնաբերաբար փողոցը նահանջ է ապրելու ու սկսվելու է նախընտրական առևտուրը, որտեղ չի բացառվում, որ ՀՀԿ-ականները նետվեն ճիշտ պահին հեղափոխության կողմն անցած ԲՀԿ-ի գիրկը: ԲՀԿ-ն ինքը նոնսենս է և նոր կառավարությունում, որտեղ ակնկալում է 1 փոխվարչապետի ու 4 նախարարի պորտֆել, և ապագա Աժ-ում, գործնականում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն տարբերություններ չունեն: Նրանք հիմա էլ ուզում են իշխանության հետ սերտաճել արտահերթ խորհրդարանական ընտրություններով ԱԺ մտնելու համար: Ոչ ոք չգիտի` ինչպիսին են լինելու արտահերթ ընտրությունները, բայց բոլորն ուզում են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ` առանց ընտրակաշառքի ու առանց նվիրատվությունների, առանց վարչական ռեսուրսի կիրառման: Այդ դեպքում ի՞նչ կստանա Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն: Գագիկ Ծառուկյանը բաժանելու է ունեցվածքը ու դառնա շարքային, միջին վիճակագրական հա՞յ` այլևս օլիգարխ չլինելու համար: Կամ բիզնես, կամ` քաղաքականություն` ո՞րը կընտրի նա: Համատեղելն այլևս հեղափոխական տրենդում չէ: Ընտրողը կարող է նրան չհասկանալ` ակնկալիք չունենալով և «դուխով» չընտրել:

Դիտվել է՝ 3430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ